Անցած հանգստյան օրերին ավելի քան 200 հոգուց բաղկացած ամբոխը Հնդկաստանի Բիհար նահանգի գյուղերից մեկում ողջ-ողջ հրկիզել է մի կնոջ։ 45-ամյա Ռիտա Դեւիի վրա հարձակվել են՝ կասկածելով, որ նա կախարդ է։ Մեկ ամիս առաջ նրան մեղադրանք է առաջադրվել քրոնիկ հիվանդությամբ տղամարդու մահվան համար, հաղորդում է Hindustan Times-ը:
Հաղորդվում է, որ տղամարդու ընտանիքը էկզորցիստ է կանչել հարեւան Ջարկհանդ նահանգից, որը մեծ թվով հանդիսատեսների է գրավել: Բայց երբ էկզորցիստը չի կարողացել նրանց պատասխաններ տալ, ամբոխը կատաղել եւ շարժվել է դեպի Դեւիի տուն։ Զայրացած ամբոխը իբր ներխուժել է Դեւիի տան տարածք եւ ծեծի է ենթարկել նրան, ապա բենզին լցրել եւ այրել:
Այս պահին սպանության գործով ձերբակալվել է առնվազն 14 մարդ, եւս 65 անձի ինքնությունը պարզվել է։ Ոստիկանությունը հայտնել է, որ դիտարկում է տեսահոլովակները՝ ավելի շատ կասկածյալների հայտնաբերելու համար:
Իշխանությունները հետաքննում են նաեւ ոստիկանության հնարավոր անփութությունը: Դեւիի ընտանիքի խոսքով՝ սարսափելի դեպքից մեկ ամիս առաջ նրա հասցեին սպառնալիքներ են եղել:
Վհուկների որսի մասին հաճախ են հաղորդում հեռավոր Բիհար, Ջարկհանդ եւ մոտակա այլ նահանգներում: 2001-2012 թվականներին, ըստ ազգային տվյալների, ամբողջ երկրում գրանցվել է մոտ 2100 նման սպանություն:




























