Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Թուրքիայի նոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ իր թուրք գործընկերոջը՝ նախագահ Թայիփ Էրդողանին հրավիրել է այցելել երկիր, հայտնում է Reuters-ը։

Անցյալ տարի Հերցոգը, որի դերը հիմնականում արարողակարգային բնույթ է կրում, դարձել է Իսրայելի առաջին ղեկավարը, որն այցելել է Թուրքիա 2008 թվականից, այն բանից հետո, երբ երկու երկրները սկսել են վերականգնել հարաբերությունները եւ վերջ են դրել ավելի քան մեկ տասնամյակի դիվանագիտական պառակտմանը:

Օգոստոսին նրանք պայմանավորվել են դեսպանների փոխադարձ նշանակման շուրջ, իսկ նոյեմբերին ընտրություններում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հաղթելուց հետո նա եւ Էրդողանը պայմանավորվել են շարունակել բարելավել հարաբերությունները:

«Վստահ եմ, որ մենք բոլորս կաշխատենք ամրապնդել երկրների միջեւ հարաբերությունները»,- ասել է Հերցոգը։

Դեկտեմբերին Նեթանյահուի վերադարձը իշխանության՝ ազգայնական-կրոնական կառավարության գլխավորությամբ, վրդովեցրել է պաղեստինցիներին, ինչպես նաեւ արեւմտյան եւ արաբ դաշնակիցներին, որոնք վախենում են, որ դա կարող է մեծացնել լարվածությունը Մերձավոր Արեւելքում:

Անցյալ շաբաթ Թուրքիան դատապարտել է Իսրայելի ազգային անվտանգության նոր ծայրահեղ աջակողմյան նախարար Իտամար Բեն-Գվիրի այցը Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի համալիր, որը իսլամի երրորդ կարեւոր վայրն է եւ հուդայականության ամենասուրբ վայրը: