Հինգշաբթի Չինաստանը ներկայացրել է մրցարշավի համար իր առաջին կլոնավորված ձիուն, քուռակ Չժուան Չժուանն արդեն 7 ամսական է, եւ նրա մորթու գույնը գրեթե ամբողջությամբ կրկնում է իր օրիգինալի՝ սպորտային հովատակ Ուրսուսի գույնը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ SinoGene ընկերության, որի լաբորատորիայում ստեղծվել է կլոնը, ձիու կլոնավորման աշխատանքները սկսվել են 2021 թվականին։ Չժուան Չժուան (չինարենից թարգմանաբար՝ «Ամրապինդ») անունով կլոնավորված քուռակը ծնվել է 2022 թվականի հունիսի 16-ին։ Սոմատիկ բջիջները վերցվել են Ուրսուս անունով տաքարյուն ձիու մաշկի նմուշից, որը Չինաստան է եկել 2007 թվականին Գերմանիայից եւ բազմաթիվ մրցանակներ է շահել ձիասպորտի մրցումներում ինչպես Չինաստանում, այնպես էլ արտասահմանում: Փոխնակ մայր է դարձել Չինաստանի հյուսիսարեւմտյան Գանսու նահանգից ձին: Չժուան Չժուանի գույնը նույնքան սեւ է, որքան Ուրսուսինը, երկու ձիերը թեթեւակի տարբերվում են միայն դնչի եւ վերջույթների գույնով:
SinoGene-ի գլխավոր տնօրենի տեղակալ Չժաո Ցզյանպինը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ կլոնավորման հիմնական նպատակը Չինաստանում առաջնակարգ ձիերի ցեղատեսակներ բուծելն է։
«Չինաստանը դեռեւս հետ է մնում առաջնակարգ ձիերի ցեղատեսակների բուծման առումով։ Մեր ձիերը հիմնականում օգտագործվում են անասնաբուծության մեջ՝ որպես աշխատուժ։ Ինչ վերաբերում է բարձրորակ ձիերին, որոնք օգտագործվում են ձիասպորտում, ապա դրանք դիտարկվում են որպես ժամանցային ձիեր, դրանց բուծման հիմքը շատ թույլ է, դրանք հիմնականում պետք է ներմուծվեն այլ երկրներից»,- պարզաբանել է նա։
Սակայն ներկրված ձիերի հետ կապված խնդիրներ կան՝ որոշները վնասվածքներով են գալիս, որոշները շատ ծեր են։ «Իրենց բնութագրերով նրանք պիտանի չեն բազմացման համար»,- ասում է Չժաո Ցզյանպինը:
Բացի այդ, գիտնականը նշել է, որ բնական ճանապարհով ձիերի բուծման ժամանակ միշտ կա հավանականություն, որ ձագը կժառանգի իր ծնողների միայն որոշակի եւ ոչ միշտ լավագույն հատկանիշները. «Կլոնավորման դեպքում կարելի է ճշգրիտ գենետիկական պատճեն ստեղծել՝ սկզբնական արարածի բոլոր հատկանիշներով»։
Կլոնավորված ձին միշտ կունենա այն բնութագրերը, որոնք ունի իր նախահայրը՝ ոչ ավելի ուժեղ, ոչ ավելի թույլ:
Չժաո Ցզյանպինը նաեւ նշել է, որ պրոցեդուրան բացարձակապես անվտանգ է «փոխնակ մոր» համար, ապագայում նա կկարողանա էլի սերունդներ ունենալ։



























