Շվեդիան բավարար չափով չի քննադատել Ստոկհոլմում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խրտվիլակի հետ կապված միջադեպը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ երկիրը պետք է կատարի համաձայնագրի վերաբերյալ խոստումները ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի շրջանակներում։

Նրա խոսքով՝ Անկարան տեսնում է Ստոկհոլմի վճռականությունը՝ պայքարելու ահաբեկչության դեմ, սակայն դժգոհել է, որ «ահաբեկիչները» շարունակում են իրենց գործունեությունը սկանդինավյան երկրում։ 

«Շարունակվում է հավաքագրումը եւ քարոզչությունը։ Շվեդիան պարտավորվել է կանխել դա։ Շվեդիան պետք է կատարի այդ պարտավորությունը»,-հավելել է նա։ Չավուշօղլուն Էրդողանի խրտվիլակի հետ կապված միջադեպը համարել է «ռասիզմի ակտ եւ ատելության հողի վրա հանցագործություն»՝  նշելով, որ Շվեդիան պետք է պայքարի նման երեւույթների դեմ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրք դատախազները սկսել են հետաքննել Ստոկհոլմում Էրդողանի խրտվիլակի հետ կապված «միջադեպը»։

Ռոժավայում Շվեդիայի համերաշխության կոմիտեի կողմից Twitter-ում հրապարակված կադրերում երեւում է Էրդողանի խրտվիլակը, որը ոտքերով վեր է կախված Ստոկհոլմի քաղաքապետարանի մոտ, որի կողքին կանգնած են մի քանի մարդիկ։

Բողոքի ակցիան այնպիսի կատաղություն է առաջացրել Անկարայում, որ ԱԳՆ է կանչվել Շվեդիայի դեսպանը, իսկ խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը մերժել է իր շվեդ գործընկերոջ հրավերը։