Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին եւ Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետ Պատրիկ Սանդերսը ներառվել են Ռուսաստանի «ստոպ ցուցակում», հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսաստանի ԱԳՆ-ն հունվարի 12-ին որոշում է կայացրել ընդլայնել պատժամիջոցները Մեծ Բրիտանիայի դեմ, սակայն պատժամիջոցների ցուցակում հայտնվածների անունները չեն նշվում, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Սեւ ցուցակում են հայտնվել նաեւ Մեծ Բրիտանիայի տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման, բնակարանային ապահովման, համայնքների եւ տեղական ինքնակառավարման հարցերով նախարար Մայքլ Գոուվը, Լանկաստերի Դքսության կանցլեր Օլիվեր Դաուդենը, առանց պորտֆելի նախարար Նազիմ Զախավին, ինչպես նաեւ բրիտանական զինված ուժերի ռազմավարական հրամանատարության եւ կիբեռանվտանգության ազգային կենտրոնի ղեկավարության մի քանի ներկայացուցիչներ: ՌԴ ԱԳՆ-ն ամբողջական ցուցակը հրաժարվել է հրապարակել։
«Նպատակահարմար չենք համարում հրապարակել մեր որոշման նոր ֆիգուրանտների ամբողջական ցուցակը, առավել եւս Լոնդոնի իշխանություններն իրենք են հասկանում, թե ում մասին է խոսքը։ Եթե Միացյալ Թագավորության պաշտոնական ատյաններից, այնուամենայնիվ, հետաքրքրություն ցուցաբերվի այս հարցի նկատմամբ, ապա պատրաստ կլինենք բրիտանական իշխանություններին եւ հանրությանը տեղեկացնել նրանց մասին, ովքեր ընդունում են թշնամական քաղաքականությունը, որն ուղղված է մեր երկրի դեմոնիզացիային եւ նրա միջազգային մեկուսացման փորձերին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Պատժամիջոցներն ընդլայնվել են Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից Ուկրաինային Challenger 2 ժամանակակից ծանր մարտական տանկերի խմբաքանակ հանձնելու որոշման ֆոնին։





























