ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերի վավերացման ժամկետն ավարտվում է, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ այդ երկրների հայտերի վավերացումը կախված է նրանից, թե որքան արագ Ստոկհոլմը կկատարի Անկարայի հետ համաձայնագրի շրջանակում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ տված խոստումները եւ նախազգուշացրել է, որ դրա համար կարող են ամիսներ պահանջվել:
«Ստոկհոլմը լիովին հավատարիմ է համաձայնագրի կատարմանը, որը ստորագրվել է անցյալ տարի Մադրիդում, սակայն երկրին եւս վեց ամիս է հարկավոր նոր օրենքներ գրելու համար, որոնք դատական համակարգին թույլ կտան կիրառել ահաբեկչության նոր սահմանումներ»,-ասել է Քալընը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում:
Անցյալ տարի Շվեդիան եւ Ֆինլանդիան Թուրքիայի հետ եռակողմ համաձայնագիր են ստորագրել, որի նպատակն է հաղթահարել Անկարայի առարկությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց հայտերի դեմ, որոնք պահանջում են ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամ երկրների հավանությունը:
Իսկ բոլորովին վերջերս թուրք դատախազները սկսել են հետաքննել Ստոկհոլմում Էրդողանի խրտվիլակի հետ կապված «միջադեպը»։
Ռոժավայում Շվեդիայի համերաշխության կոմիտեի կողմից առաջին անգամ Twitter-ում հրապարակված կադրերում երեւում է Էրդողանի խրտվիլակը, որը ոտքերով վեր է կախված Ստոկհոլմի քաղաքապետարանի դիմաց։
Բողոքի ակցիան այնպիսի կատաղություն է առաջացրել Անկարայում, որ ԱԳՆ է կանչվել Շվեդիայի դեսպանը, իսկ խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հրաժարվել է իր շվեդ գործընկերոջ հրավերից։





























