Միլիարդատեր, նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը շաբաթ օրը Չեխիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջ է անցել պաշտոնաթող գեներալ Պետր Պավելից, ինչը, ըստ ավելի քան 90% շրջանների տվյալների, երկու շաբաթից նրանց երկրորդ փուլ կհանի, հայտնում է Reuters-ը։

Այս պաշտոնն իր մեջ գործադիր իշխանություն չի կրում, սակայն նշանակալի լիազորություններ ունի վարչապետների, կենտրոնական բանկերի ղեկավարների նշանակման եւ սահմանադրական դատարանում դատավորների առաջադրման հարցում։ Նախագահները նաեւ սահմանափակ խոսքի իրավունք ունեն արտաքին հարաբերություններում եւ բանակի գլխավոր հրամանատար են հանդիսանում:

Ընտրատարածքների 93,5%-ում քվեարկության արդյունքները ցույց են տվել, որ Բաբիշը հավաքել է 35,8%՝ առաջ անցնելով 34,6% հավաքած Պավելից: Ակնկալվում էր, որ այդ տարբերությունն էլ ավելի կկրճատվի, քանի որ որոշ խոշոր քաղաքային կենտրոններ, որտեղ Պավելն ավելի ուժեղ է եղել, վերջինն են հաշվել:

Ե՛վ նախկին շտաբի պետ ու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Պավելը, եւ՛ 2017-2021 թվականներին վարչապետ եղած, ընդդիմության առաջնորդ Բաբիշը հավանաբար ավելի արեւմտամետ կլինեն, քան հեռացող Միլոշ Զեմանը, որն ավելի սերտ կապեր էր պահպանում Չինաստանի հետ, իսկ մինչեւ վերջերս նաեւ Ռուսաստանի հետ:

61-ամյա Պավելը համոզված արեւմտամետ է եւ աջակցում է Ուկրաինային հետագա ռազմական օգնությանը, ինչպես նաեւ եվրոյի ընդունմանը:

Բաբիշը, որը կառուցել է քիմիական, գյուղատնտեսական եւ մեդիա կայսրություն, որն այժմ գրանցված է թրաստային հիմնադրամներում, ավելի քիչ փոփոխություններ կբերի Չեխիայի քաղաքականություն, քանի որ նա կիսում է Զեմանի ջերմ վերաբերմունքը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նկատմամբ, որը օրենքի գերակայության հարցերի շուրջ վեճերում թշնամաբար է տրամադրված Եվրամիության գործընկերների հանդեպ:

Սակայն Բաբիշը նաեւ դեմ է արտահայտվել Ուկրաինային չեխական ռազմական օգնության ավելացմանը։