Հայաստանում վատ համբավ ունեցող ավիաընկերությունները կարող են զրկվել լիցենզիայից։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունվարի 16-ին ասել է հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Մասնավորապես, օդանավի շահագործման հավաստագիր ստանալու հայտարարությունը կարող է մերժվել, իսկ արդեն գործող վկայականը՝ չեղարկվել։ Օրինակ, եթե պարզվի, որ այս կամ այն ավիաընկերության խորհրդի անդամը, ինչպես նաեւ տնօրենը, խոշոր բաժնետերը կամ նրանց ընտանիքների անդամները դատվածություն ունեն, սնանկ են ճանաչվել, չմարված պարտավորություններ ունեն, միջազգային հետախուզման մեջ են եւ այլն, ապա այդ ավիաընկերությունը վատ համբավի համար կարող է պարզապես զրկվել լիցենզիայից։ «Իսկ գործող իրավական կարգավորումներով համբավը ուշադրության չի առնվում»,- նշել է փոխնախարարը։
Վատ համբավ ունեցող մարդ կհամարվի այն անձը, որն ունի դատվածություն միտումնավոր կատարած հանցագործության համար, այն անձը, որին դատարանը զրկել է պաշտոն զբաղեցնելու իրավունքից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, կոմերցիոն, տնտեսական, իրավական ոլորտներում, անձը, որը սնանկ է ճանաչվել եւ չմարված վարկեր ունի, հարկային պարտավորություններ, գտնվում է միջազգային հետախուզման մեջ, ինչպես նաեւ այն անձը, որը մինչ այդ ունեցել է կառավարման լիազորություններ, որոնց գործողությունը դադարեցվել կամ կանգնեցվել է այդ անձի մեղքով՝ օրենքով եւ կառավարության որոշմամբ սահմանված թռիքների անվտանգության պահանջները խախտելու պատճառով։
Սիմոնյանը նաեւ նշել է, որ 2022-ը Հայաստանի եւ հանրապետությունում գործող ավիափոխադրողների համար աննախադեպ էր։ Երկիր եւ նրա սահմաններից դուրս տեղափոխվել է ընդհանուր առմամբ 3 մլն 697 հազար 539 մարդ։





























