Մեկանգամյա օգտագործման պլաստմասսե սպասքի ու կշռափաթեթավորման համար օգտագործվող պլաստիկե տարաների հաստությունը ևս առաջիկայում կարող է սահմանվել օրենքով։ Արդեն ավելի քան 1 տարի գործող կարգավորումը, որի համաձայն` արգելվում է 50 միկրոնից պակաս հաստության տոպրակների վաճառքը, ցանկալի արդյունք չի տվել։ Այս մասին, ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման, հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Անարդյունավետությունը նախարարությունում պատճառաբանում են հանրության մոտ վարքագծի փոփոխության ցածր մոտիվացիայով, էկոլոգիական կրթության ու իրազեկվածության անբավարար մակարդակով, ինչպես նաև իրավակիրարկման գործիքակազմի և վերահսկողության կարողությունների անբավարար մակարդակով։
Նախարարության պատասխանում նշվում է նաև, որ գործող օրենքի անարդյունավետության մասին խոսվել է նաև դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նախարարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ։
«Այժմ ՇՄՆ–ի կողմից մշակվում է նոր օրինագիծ` պլաստիկ իրերի որոշակի խմբի (50 միկրոնից ավել հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլատմասսայից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի, կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների) վաճառքի (իրացման) արգելքի սահմանման նպատակով»,– ասված է գերատեսչության գրության մեջ։
Այլ կերպ ասած` նախարարությունում հաջորդ քայլով մտադիր են արգելել 50 միկրոնից ավելի հաստ պոլիէթիլենային տոպրակների, նաև մեկանգամյա օգտագործման պլաստմասսե սպասքի, սննդի փաթեթավորման համար օգտագործվող տարաների իրացումը։ Դրանք այն ամաններն են, որոնց մեջ փաթեթավորվում են երշիկեղենը, պանիրը և առանց գործարանային փաթեթավորման վաճառվող սննդամթերքի այլ տեսակներ։
ՇՄՆ–ին նաև հարցրել էինք, թե բնապահպանական ինչ ազդեցություն է ունեցել գործող արգելքը անցած 1 տարվա ընթացքում, որքանով է նվազել պոլիէթիլենային տոպրակներով շրջակա միջավայրի աղտոտումը, և որքանով են նվազել ՀՀ–ում պոլիէթիլենային տոպրակների արտադրության ու ներկրման ծավալները։
Այս հարցերից ոչ մեկի ուղիղ պատասխանը չենք ստացել։ Նախարարությունից միայն հայտնել են, որ տոպրակների օգտագործման կրճատման փաստացի ծավալները դուրս են ՇՄՆ լիազորություններից։
Հիշեցնենք` 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության տարածքում առևտրի կետերում արգելվեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։
Վերահսկողությունն ու վարչական պատասխանատվության իրավասությունը օրենքով վերապահվեց համայնքային կառույցներին։
Ընդ որում` գործող օրենքը տոպրակի հաստության առավելագույն սահման չի նախատեսում, այն պարզապես պետք է 50 միկրոնից հաստ լինի։ 50 միկրոնից բարակ տոպրակի իրացման համար նախատեսվում է 20-30 հազար դրամի տուգանք։
Հավելենք, որ 2022թ–ի հունվարի 1-ի դրությամբ երևանյան սուպերմարկետներում 10-15 դրամով վաճառվող տոպրակներն այսօր վաճառվում են 50 դրամով։





























