Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ հաջորդ պատժամիջոցները, որոնք մշակվում են ԵՄ-ի կողմից, ուղղված կլինեն, այդ թվում՝ ռուս զինվորականների եւ լրագրողների դեմ։

«Պատժամիջոցների 10-րդ փաթեթը կներառի միջոցներ Ռուսաստանի Դաշնության զինվորականների եւ լրագրողների դեմ»,- ասել է նա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա հիշեցրել է, որ պատժամիջոցների ապագա փաթեթը պետք է ներառի նաեւ 10 միլիարդ եվրոյի չափով ապրանքների արտահանման սահմանափակումներ։

Մինչ այս ֆոն դեր Լյայենն ասել էր, որ պատժամիջոցների այս փաթեթը կներառի, մասնավորապես, նոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնություն տեխնոլոգիաների մատակարարման հարցում, որոնք, ըստ ԵՄ-ի, Ռուսաստանը կարող է օգտագործել ռազմական նպատակներով։