Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Վոյտեխովսկուն եւ բողոք հղել նրան՝ «Բոբրովնիկի» սահմանային անցակետի փակման կապակցությամբ, հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Լեհ դիվանագետին մատնանշվել է այս քայլի անընդունելիությունը, որը սրում է առանց այն էլ ծայրահեղ ծանր իրավիճակը բելառուսա-լեհական սահմանին եւ խախտում է Բելառուսի, Լեհաստանի եւ բազմաթիվ այլ երկրների հազարավոր քաղաքացիների իրավունքները»,- ասվում է հաղորդագրությունում։
Մինսկն ընդգծել է, որ Վարշավայի գործողությունները անմարդկային են եւ վնասում են խոշոր տնտեսական օպերատորներին եւ փոքր բիզնեսին։
«Բելառուսական կողմն իրեն իրավունք է վերապահում համարժեք արձագանքման միջոցներ ձեռնարկել»,- նշել են Բելառուսի ԱԳՆ-ում։
Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Մարիուշ Կամինսկին նախօրեին հայտարարել էր, որ Լեհաստանի իշխանությունները, ելնելով պետական անվտանգության շահերից, որոշել են փակել Բելառուսի հետ «Բոբրովնիկի» սահմանային անցակետը։





























