Թուրքական իշխանությունները մերժել են երկիր փրկարարական խումբ ուղարկելու Կիպրոսի առաջարկը՝ երկրաշարժի հետեւանքները վերացնելու գործում օգնություն ցուցաբերելու համար, հայտնել է Կիպրոսի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունում, սկզբում Անկարան աջակցել է Նիկոսիայի համապատասխան նախաձեռնությանը։

«Չնայած փրկարարական օգնության մեր առաջարկն ի սկզբանե ընդունելուն, Թուրքիան «սիրալիր մերժեց» տեղում որոնողափրկարարական խումբ տեղակայելու վերաբերյալ Կիպրոսի առաջարկը: Առաջարկն ուժի մեջ է մնում,- ասված է Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, որը տեղադրված է գերատեսչության Twitter-յան էջում։

Ինչպես նշել են նախարարությունում, Կիպրոսի իշխանությունները երախտապարտ են հանրապետության փրկարարներին, որոնք միշտ եւ ամենուր պատրաստ են կյանքեր փրկել։ Միաժամանակ, երկրի փրկարարական թիմը փետրվարի 8-ից սպասում է Անկարայի որոշմանը, որպեսզի մեկնի երկրաշարժից տուժած պետություններ՝ Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում։