ԱՄՆ ռազմածովային նավատորմը եւ ծովային հետեւակային կորպուսը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում, քանի որ Պեկինի հետ լարվածությունը սրվում է՝ կապված չինական աերոստատի խոցման հետ, որը ԱՄՆ իշխանությունները որակել են որպես «լրտեսական արբանյակ», հայտնում է Associated Press-ը:

Ճապոնիայում տեղակայված 7-րդ նավատորմը կիրակի օրը հայտնել է, որ USS Nimitz հարվածային խումբը եւ 13-րդ ծովային արշավախումբը «բարդ էքսպեդիցիոն հարվածային ուժերի գործողություններ» են իրականացնում Հարավչինական ծովում։

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ նավերի, ցամաքային զորքերի եւ օդանավերի մասնակցությամբ զորավարժությունները տեղի են ունեցել շաբաթ օրը, սակայն որեւէ մանրամասն չի նշվում, թե երբ են դրանք սկսվել կամ ավարտվել։

Չինաստանը հավակնում է գրեթե ողջ Հարավչինական ծովին եւ կտրականապես դեմ է այլ երկրների ռազմական գործունեությանը վիճելի ջրային ճանապարհին, որով տարեկան 5 տրիլիոն դոլարի ապրանք է տեղափոխվում:

Միացյալ Նահանգները պաշտոնական դիրքորոշում չի ընդունում Հարավչինական ծովում ինքնիշխանության վերաբերյալ, սակայն պնդում է, որ նավագնացության եւ թռիչքների ազատությունը պետք է պահպանվի։ Տարին մի քանի անգամ ԱՄՆ-ը նավեր է ուղարկում Սփրատլի կղզիների չինական ամրացված ֆորպոստների կողքով, ինչը Պեկինի կատաղի բողոքների պատճառ է դարձել: