Հարյուր հազարավոր իսպանացի բուժաշխատողներ հավաքվել են Մադրիդում՝ բողոքելու տարածաշրջանային կառավարության կողմից հանրային առողջապահական համակարգի ոչնչացման դեմ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Մադրիդի կառավարությունը վերջին տարիներին քննադատության է ենթարկվել հիվանդանոցների եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնների անբավարար անձնակազմի պատճառով՝ հատկապես այն բանից հետո, երբ 2020 թվականին սկսվել է COVID-19 համաճարակը: Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ դա հանգեցնում է հանրային առողջապահական ծառայությունների ապամոնտաժմանը, ինչը օգուտ է մասնավոր առողջապահական ծառայություններ մատուցողներին:

Ցուցարարները դժգոհում են աշխատավարձերի կրճատումից, ծանրաբեռնվածությունից եւ աջակցություն չունենալուց։

Ցուցարարները լցրել են քաղաքի կենտրոնում գտնվող Ցիբելես հրապարակը՝ վանկարկելով եւ դրոշներ ծածանելով: Ցուցարարներից մեկը կրում էր Մադրիդի տարածաշրջանային կառավարության աջ թեւի առաջնորդ Իզաբել Դիաս Այուսոյի մեծ խամաճիկը, որի վրա ամրացված էր Պինոկիոյի քթին նմանվող քիթ:

Իսպանիայի տարածաշրջանային կառավարությունները երկրի ապակենտրոն քաղաքական համակարգի շրջանակներում պատասխանատու են առողջապահության բյուջեի զգալի մասի համար:

Տարածաշրջանային կառավարության խոսնակը Մադրիդի կենտրոնական փողոցներով երթ իրականացնող մասնակիցների թիվը գնահատել է 250 հազար , մինչդեռ կազմակերպիչներն այն գնահատում են մոտ 1 միլիոն:

Այուսոն հերքել է մեղադրանքները, թե իր վարչակազմը լուծարում է հանրային առողջապահական ծառայությունները՝ հօգուտ մասնավոր հատվածի:

Հազարավոր բուժաշխատողներ կիրակի օրը ցույց են իրականացրալ նաեւ Իսպանիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սանտյագո դե Կոմպոստելայում՝ կոչ անելով պահպանել հանրային առողջապահական համակարգը: Ոստիկանությունը հայտնել է, որ 20 հազար մարդ դուրս է եկել փողոց:

Նոյեմբերին տասնյակ հազարավոր մարդիկ երթով անցել է Մադրիդով՝ ի պաշտպանություն բուժաշխատողների՝ կոչ անելով բարելավել աշխատանքային պայմանները: