Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղից «Աշտարակ» բժշկական կենտրոն թունավորում ախտորոշմամբ տեղափոխված 10 հոգանոց ընտանիքը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սասունիկ գյուղի վարչական ղեկավար Արման Մարգարյանը։
Մարգարյանը նշեց, որ նրանք բոլոր նույն ընտանիքից են, թունավորվել են շմոլ գազից։
«Այսօր ընտանիքի թոռան հարսանեկան արարողությունն է։ Մի քանի ժամ ջրատաքացուցիչը միացրած են պահել, որ պատրաստվեն, ընթացքում գազի հոտ են առել, թուլություն զգացել եւ շտապօգնություն կանչել։ Հիմա արդեն դուրս են գրվել եւ գնացել հարսանիքի»,- ասաց վարչական ղեկավարը։
Իր հերթին Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը դեպքի առնչությամբ գրել է. «ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրից թվով 10 քաղաքացիների, (այդ թվում 4 անչափահաս) բժշկական կենտրոն տեղափոխվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։
Քննչական ծառայությունից NEWS.am_ին հայտնում են, որ ըստ բուժհաստատությունից ստացված տվյալների՝ նախնական ախորոշումը՝ թունավորում շմոլ գազից՝ հարցականով։
Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն, կնշանակվի նաև դատաբժշկական փորձաքննություն։
Բուժօգնության դիմելուց շուրջ մեկ ժամ անց բոլոր 10 քաղաքացիները բուժհաստատությունից դուրս են գրվել։
Կատարվում են քննչական, վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամաքնները, թունավորման հավանականությունը պարզելու նպատակով»:




























