Միայն R տառից կազմված համարանիշը Հոնկոնգի պետական աճուրդում 25,5 մլն հոնկոնգյան դոլարով (3,18 մլն դոլար) է վաճառվել, գրում է South China Morning Post-ը։
Աճուրդն անցկացրել են փետրվարի 12-ին՝ լուսնային օրացույցով Նոր տարվա պատվին։ Միջոցառումը քաղաքում տեղի է ունենում ամեն տարի, հայտնում է rbc.ru-ն։
Այս տարի կայքում ներկայացվել է 49 լոտ, այդ թվում՝ ավտոմեքենայի R տառով համարը։ Աճուրդը, ըստ թերթի, անցկացնում է Հոնկոնգի տրանսպորտի դեպարտամենտը։
Մեկ տառանոց համարի նախնական գինը եղել է 5000 հոնկոնգյան դոլար, գրում է թերթը։ Հետո խաղադրույքները սկսել են բարձրանալ, գինը հասել է մինչեւ 2 միլիոն, այնուհետեւ՝ 9,4 միլիոն դոլար։ Մինչ համարը գնելու պահը սակարկությունների մոտ 60 փուլ է տեղի ունեցել։
Համարանիշի դիմաց տեղի բնակչի վճարած գումարը աճուրդի պատմության մեջ երկրորդ ամենամեծ վճարն է եղել։ Նախկինում միջոցառմանը վաճառել են «W» համարը՝ նույնպես բաղկացած մեկ տառից։ Այն գնել են 26 մլն հոնկոնգյան դոլարով (3,3 մլն ԱՄՆ դոլար), գրում է թերթը։
Աճուրդից առաջ շուկայի մասնակիցները լրագրողներին ասել են, թե ակնկալվում է, որ R տառով համարի համար առնվազն 10 միլիոն հոնկոնգյան դոլար կվճարեն: Նրանք բացատրել են, որ այս տառն ասոցացվում է մրցարշավային մեքենաների եւ չինական գուշակության մեջ հաջողակ թվի հետ։ Չինաստանում 8 եւ 9 թվերը հաջողակ են համարվում, նշում է թերթը։




























