ԱՄՆ-ի առողջապահության եւ անվտանգության մարմինները տուգանել են Փենսիլվանիայի կոնֆետի գործարանին այն բանից հետո, երբ 2022 թվականի հունիսին երկու բանվոր ընկել են շոկոլադով անոթի մեջ, նրանց հանել են այնտեղից, իսկ շոկոլադի տարան ստիպված են եղել մաքրել, հայտնում է BBC-ի Ռուական ծառայությունը:

Շոկոլադի լոգանք ընդունած բանվորները կապալառուներ են եղել եւ լրիվ դրույքով չեն աշխատել Էլիզաբեթթաունի Mars Wrigley գործարանում: Նրանց հանելու համար ստիպված են եղել անցք բացել մասնակի լցված տարայի հատակին, որն օգտագործվում էր շոկոլադի բաղադրիչները խառնելու համար:

Փրկարարական գործողությունն այնքան էլ հեշտ չի եղել՝ այն պահանջել է ավելի քան երկու տասնյակ փրկարարների ջանքեր, իսկ տուժածներից մեկին, ըստ տեղեկությունների, ստիպված են եղել ուղղաթիռով տեղափոխել հիվանդանոց։

Կարգավորող մարմնի զեկույցում, որը գործարանին ավելի քան 14 500 դոլարի տուգանել է, ասվում է, որ աշխատողներին վարձել են տարաները մաքրելու համար եւ նրանք անվտանգության տեխնիկայի համապատասխան դասընթացներ չեն անցել:

Mars Wrigley ընկերության ներկայացուցիչը ողջունել է հետաքննության արդյունքները։ «Մեր աշխատակիցների եւ արտաքին կապալառուների անվտանգությունը մեր բիզնեսի առաջնահերթությունն է»,- ասել է նա:

Mars եւ Wrigley հրուշակեղենի ամերիկյան ընկերությունները, որոնցից յուրաքանչյուրը գոյություն ունի ավելի քան հարյուր տարի, միավորվել են 2008 թվականին:

Միավորված ընկերությունն արտադրում է մի քանի հայտնի ապրանքներ, այդ թվում՝ M&Ms, Snickers, Galaxy եւ Twix: