Մի շարք բնապահպան փորձագետներ հայտարարել են, որ խոշոր միջազգային ընկերությունները չեն կատարում վնասակար արտանետումները նվազեցնելու իրենց պարտավորությունները, հայտնում է AFP-ն։
Գործակալությունը վկայակոչում է Carbon Market Watch-ի եւ NewClimate Institute-ի պատրաստած վերլուծական զեկույցները։ Վերջին մի քանի տարիների ընթացքում, բաժնետերերի, կառավարությունների եւ սպառողների կողմից աճող ճնշման ներքո ընկերությունները ձգտել են ածխածնի (ածխածնի երկօքսիդի) արտանետումները նվազեցնելու ռազմավարություններ ներդնել: Ըստ ՄԱԿ-ի փորձագետների, անհրաժեշտ կլինի մինչեւ 2030 թվականը 45 տոկոսով նվազեցնել ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները եւ հասնել «զուտ զրոյի», իսկ ավելցուկային ածխածինն արհեստականորեն հեռացնել մթնոլորտից: «Զուտ զրո»-ն արեւմտյան լրագրության մեջ ընդունված՝ ածխաթթու գազի արտանետումները դադարեցնելու կամ արտանետումները մթնոլորտից կլանելու միջոցով փոխհատուցելու անվանումն է։
Ըստ փորձագետների՝ 22 ընկերությունները, որոնք նման պարտավորություններ են ստանձնել, իրականում պլանավորում են մինչեւ 2030 թվականը իրենց կոլեկտիվ արտանետումները ընդամենը 15 տոկոսով նվազեցնել:
«Այդ կորպորացիաների ճնշող մեծամասնությունը պարզապես չի կատարում իր խոստումները»,- կարծում են Corporate Climate Responsibility Monitor-ի փորձագետները: Ըստ Carbon Market Watch-ի՝ շատ ընկերություններ անորոշ եւ մոլորության մեջ գցող «մաքուր զրոյի» խոստումներ են տալիս՝ իրենց բրենդներին ավելի կանաչ իմիջ հաղորդելու համար՝ շարունակելով բիզնեսը սովորականի պես վարել:
Լավագույն ընդհանուր գնահատականները ստացել է նավագնացության հսկա Maersk-ը, որի մինչեւ 2040 թվականը ածխածնային հետքից ազատվելու պլանը «բավական արդարացի» է համարվել։ «Ութ կորպորատիվ հսկաների, այդ թվում՝ Apple-ի, Google-ի, Microsoft-ի եւ պղնձաձուլական ArcelorMittal կոնգլոմերատի կլիմայական պլանները «բավարար բարեխիղճ» են ճանաչվել:
11 խոշոր ընկերությունների, այդ թվում՝ American Airlines-ի, Samsung Electronics-ի, Carrefour մթերային ցանցի եւ մսի վերամշակման հսկա JBS-ի ծրագրերը փորձագետների կողմից անբարեխիղճ են ճանաչվել։ Բոլոր 4 ընկերություններն այս գնահատականի հետ չեն համաձայնել։





























