Պաբլո Պիկասոյի «Շալով կինը» նկարի տակ, որը նկարվել է 1902 թվականին, գտել են մեկ այլ ստեղծագործության ուրվագիծ: Այս մասին հայտնել է Ճապոնիայի Աիտի պրեֆեկտուրայի արվեստի թանգարանը։

Թանգարանի աշխատակիցներն ամերիկացի գործընկերների հետ ուսումնասիրել են նկարը՝ օգտագործելով հիպերսպեկտրալ տեսախցիկ։ Ներկի շերտի տակ նրանք հայտնաբերել են գլուխը կախ մարդու  կազմվածքի ուրվագիծ։

Ենթադրվում է, որ ուրվագիծն արվել է Պիկասոյի կողմից 1901-1904 թվականներին, երբ նկարիչը հաճախ էր նկարում մարդկանց նման կեցվածքով։ Ինչպես պատմել են թանգարանում, նկարիչը կարող էր նորից օգտագործել կտավը, քանի որ այն ժամանակ չէր կարող իրեն թույլ տալ նորը գնել։

Կտավը կցուցադրվի մարտի 21-ին Աիտի պրեֆեկտուրայի արվեստի թանգարանում։