Մի քանի բժիշկներ, որոնք կասկածվում են դիակներից հարյուրավոր բժշկական իմպլանտներ հանելու եւ ողջ պացիենտների համար դրանք կրկին օգտագործելու մեջ, Ռումինիայում քրեական հետաքննության են ենթարկվում, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով դատախազներին։

Հինգ կասկածյալ բուժաշխատողներից մեկը, որն աշխատում էր արեւելյան Յասի քաղաքի հիվանդանոցում, ձերբակալվել է մինչեւ հետաքննության ավարտը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ կաշառք ստանալու մեղադրանքով:

Դատախազները հայտարարել են, որ հիշատակված բժիշկը վերահսկել է չորս այլ բժիշկների ցանցը, որոնք նրան մահացած պացիենտներից սրտի իմպլանտներ են տվել՝ առանց նրանց կամ նրանց ընտանիքների նախնական թույլտվության:

Դատախազները նաեւ պնդում են, որ բժիշկը 2017 թվականից յոթ տարվա ընթացքում կատարել է 238 պրոցեդուրա՝ անօրինական կերպով օգտագործելով մահացած պացիենտներից կամ անհայտ ծագման իմպլանտներ՝ իր պացիենտներին ենթարկելով լուրջ բարդությունների կամ մահվան ռիսկի։