Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբանը» մտադիր է երկրի նախկին օտարերկրյա ռազմաբազաները բիզնեսի համար հատուկ տնտեսական գոտիների վերածել, հայտարարել է Տնտեսական հարցերով փոխվարչապետի պաշտոնակատար մոլլա Աբդուլ Գանի Բարադարը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Նախարարությունն աշխատում է ԱՄՆ նախկին բազաների ծրագրի վրա, նշել է նա․ այն կներկայացնի եւ՛ տնտեսական հանձնաժողովին, եւ՛ կառավարության հաստատմանը:

«Մանրամասն քննարկումից հետո որոշվեց, որ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը պետք է աստիճանաբար վերահսկողության տակ վերցնի օտարերկրյա ուժերին պատկանած ռազմաբազաները՝ դրանք հատուկ տնտեսական գոտիների վերածելու մտադրությամբ», - ասել է Բարադարը։

Նա հավելել է, որ փորձնական ծրագիրը կսկսվի երկրի մայրաքաղաք Քաբուլում եւ հյուսիսային Բալխ նահանգում:

Աֆղանստանի տնտեսությունը դժվարությամբ է գոյատեւում, եւ օգնություն տրամադրող գործակալությունները նախազգուշացնում են մեծ հումանիտար ճգնաժամի մասին այն բանից հետո, երբ թալիբները 2021 թվականին իշխանության են եկել՝ օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո:

Անցյալ տարի Թալիբանի վարչակազմի որոշումը՝ աշխատանքից ազատել ՀԿ-ների կին աշխատողներին, բազմաթիվ գործակալությունների ստիպել է մասամբ դադարեցնել գործունեությունը, մինչդեռ միլիոնավոր մարդիկ կախված են հումանիտար օգնությունից:

Թալիբները հայտարարել են, որ կենտրոնացած են առեւտրի եւ ներդրումների միջոցով տնտեսական ինքնաբավության բարձրացման վրա: Որոշ օտարերկրյա ներդրողներ մտահոգություն են հայտնել մի շարք հարձակումների կապակցությամբ, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Այնուամենայնիվ, Համաշխարհային բանկը նշել է նաեւ, որ արտահանումն աճել է, եւ թալիբների վարչակազմին հաջողվել է 2022 թվականի ընթացքում եկամուտները հիմնականում կայուն պահել: