Գյումրիի իշխող խմբակցությունը ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով կալանավորված ավագանու անդամ Աղասի Մաթեւոսյանին մանդատից զրկելու հարցը չի քննարկում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։

«ՏԻՄ օրենքով ավագանու անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցվում են, եթե նա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտվել է ազատազրկման։ Խմբակցությունն ունի նրան մանդատից զրկելու հնարավորություն, եթե վճռին չսպասելու քաղաքական որոշումը լինի, բայց առաջնորդվելու ենք օրենքի այս կետով։ Մենք հարգում ենք անմեղության կանխավարկածը»,- նշեց նա։

Հիշեցնենք` ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել անձնագրերը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալված, ապա կալանավորված չորս տղամարդկանցից մեկն Աղասի Մաթեւոսյանն է։

Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Նշենք, որ երկու ամսով կալանավորված Աղասի Մաթեւոսյանը Հայաստանի նախկին փոխվարչապետ, վարչապետի նորանշանակ գլխավոր խորհրդրական Համաբարձում Մաթեւոսյանի հորեղբայրն է։

ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ազգականը կալանավորվել է