Իսրայելի ոստիկանության եւ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի այցելուների միջեւ բախումների հետեւանքով տուժել է մոտ 100 պաղեստինցի, ավելի քան 400 մարդ կալանավորվելէ, տեղեկացրել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքի թղթակիցը։

Այսօր՝ ապրիլի 5-ին, ավելի վաղ, WAFA պաղեստինյան գործակալությունը տեղեկացրել էր Իսրայելի ոստիկանության Ալ-Աքսա մզկիթ կատարած ռեյդի մասին։ Գործակալության տեղեկացմամբ՝ ուժայինները ներխուժել են մզկիթ եւ լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ մահակներ օգտագործել։ Ինչպես տեղեկացրել է Պաղեստինի Կարմիր կիսալուսինը, իսրայելցի ուժայինները բուժաշխատողներին թույլ չեն տվել հասնել պատահարի վայր եւ օգնել վիրավորներին։ Իսրայելի գործողությունները, մասնավորապես, դատապարտել են Հորդանանը եւ Եգիպտոսը։

Այսօր Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ավիհայ Էդրին տեղեկացրել է, որ Գազայի հատվածից Իսրայելի դեմ արձակվել է ինը հրթիռ։ Նրա խոսքով՝ դրանցից չորսը խփվել է ՀՕՊ համակարգերի կողմից. իսկ եւս չորսն ընկել է Գազային հարող բաց տեղանքում։