ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը Միացյալ Նահանգները կներկայացնի Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ի թագադրման արարողությանը, որը տեղի կունենա մայիսին Լոնդոնում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է միապետին երեքշաբթի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

«Նախագահը շնորհավորել է թագավորին գալիք թագադրման առիթով եւ տեղեկացրել, որ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն անհամբերությամբ սպասում է արարողությանը ներկա լինելու հնարավորությանը»,- վկայում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարությունը։

«Նախագահը նաեւ տեղեկացրել է ապագայում Մեծ Բրիտանիայի թագավորի հետ հանդիպելու ցանկության մասին»,- նշվել է փաստաթղթում։

Ավելի վաղ The Daily Telegraph թերթը, հղում կատարելով աղբյուրին, տեղեկացրել էր, որ Սպիտակ տան ղեկավարի փոխարեն արարողությանը կմեկնի նրա տիկինը։ Պարբերականի համաձայն՝ արտասահման ուղեւորությունները խիստ հոգնեցնում են ԱՄՆ 80-ամյա նախագահին, ինչի հետ կապված՝ Վաշինգտոնի վարչակարգը ջանում է դրանց թիվը հասցնել նվազագույնի՝ թողնելով միայն ամենաանհրաժեշտները։ Ապրիլի կեսերին Հյուսիսային Իռլանդիա եւ Իռլանդիայի Հանրապետություն Բայդենի ուղեւորությունները նկատի ունենալով՝ մեկ ամսում երկրորդ այցելությունը բրիտանական կղզիներ այնքան էլ հավանական չի համարվում, ընդգծել է թերթը։