Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) չկատարված որոշումների մոտ 38 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։ Այս մասին վկայում է 2022թ. ՄԻԵԴ-ի որոշումների կատարման վերահսկման մասին հաշվետվությունը։ Փաստաթուղթը պատրաստել է Եվրոպայի Նախարարների կոմիտեն։

Մինչեւ անցած տարեվերջ չի կատարվել ՄԻԵԴ-ի 6 112 որոշում, դրանցից 1 299-ը՝ նախադեպային գործերով։ Ընդ որում՝ 880 որոշում կատարվել է, ներառյալ 200-ը՝ նախադեպային գործերով։

2022թ. ՄԻԵԴ-ը կայացրել է 1 459 որոշում, դրանցիցի 413-ը՝ Ռուսաստանի դեմ, 145-ը վերաբերել է Ուկրաինային, 137-ը Ռումինիային։ Չորրորդ տեղում Սերբիան է՝ 78 որոշում, նրան հաջորդել է Թուրքիան՝ 77։

Դատավորները Ստրասբուրգում հայցվորների համար կայացրել են ընդհանուր առմամբ 110,8 մլն եվրո հատկացնելու որոշում, դրանցից մոտ 80,2 մլն եվրոն՝ Ռուսաստանի հայցվորներին։

Վճիռների կատարման բարելավման խնդիրը դառնալու է մայիսի 16-17-ին Ռեյկյավիկում կայանալիք Եվրոպայի խորհրդի գագաթաժողովի թեման։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը անդամ պետություններին կոչ է արել ավելի մեծ քաղաքական կանք դրսեւորել։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է օրենքի գերակայությունն ապահովելու համար։ Չնայած Եվրոպայի խորհրդի պետությունները երկար տարիներ փորձել են հասնել կայուն առաջընթացի այս հարցում, ՄԻԵԴ-ը «ավելի ու ավելի շատ բարդ գործեր է դիտարկում», փաստել է Պեյչինովիչ-Բուրիչը։

2022թ. մարտի 16-ից Ռուսաստանը հանվել է Եվրոպայի խորհրդից Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի պատճառով, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն դուրս է եկել ՄԻԵԴ-ի իրավադատությունից։ Սակայն մինչեւ 2022թ. սեպտեմբերի 16-ը ՄԻԵԴ-ը շարունակում էր ՌԴ-ն համարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրող։ Հետեւաբար, ԵԽ-ի տեսակետից Ռուսաստանը պարտավոր է կատարել ՄԻԵԴ-ի մինչ այդ ժամկետն ընդունած որոշումները։

Պեյչինովիչ-Բուրիչը 2022թ. դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովին հղած նամակում Ռուսաստանին կոչ է արել կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ հիշեցնելով ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու եւ «Եհովայի վկաների» իրավունքների խախտումների մասին։