ՌԴ օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ելույթը ՄԱԿ-ում վերածվել է սկանդալի։ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան բոյկոտել են նրա ելույթը, իսկ մոտ 50 երկրներ՝ դատապարտել կազմակերպությունում ունեցած կարգավիճակի չարաշահումը Ռուսաստանի կողմից, տեղեկացրել է DW-ն։

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ալբանիայի եւ Մալթայի ներկայացուցիչները բոյկոտել են ՌԴ-ում երեխայի իրավունքների լիազոր Մարիա Լվովա-Բելովայի ելույթը տեսակապով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ ֆորմալ նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ ապրիլի 5-ին։ Նիստը կազմակերպվել էր Ռուսաստանի կողմից, որն ապրիլին փոխատեղմամբ նախագահում է ՄԱԿ ԱԽ-ում, այն նվիրված էր ուկրաինացի երեխաների հարցին։ Լվովա-Բելովան իր ելույթում դատապարտել էր «խտրականության արշավը» ՌԴ-ի դեմ, եւ դա մի շարք երկրների կողմից գնահատվել է որպես միտումնավոր սադրանք։

Ուլրաինայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրում են ավելի քան 16 հազար երեխա առեւանգելու մեջ՝ 2022թ. փետրվարի 24-ից ի վեր, երբ սկսվել է լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա։ Հաագայի Միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին Մարիա Լվովա-Բելովային եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր է տվել՝ նրանց մեղադրելով Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստան երեխաների բռնի տեղահանման մեջ։

Լվովա-Բելովայի ելույթը ՄԱԿ-ում դատապարտել են մոտ 50 երկրներ, ներառյալ Գերմանիան։ Համատեղ հայտարարությունում նրանք Ռուսաստանին մեղադրել են այն բանում, որ երկիրը «չարաշահել է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամի իր լիազորություններն ու արտոնությունները, որպեսզի ապատեղեկատվություն տարածի հազարավոր ուկրաինացի երեխաների զանգվածային առեւանգումների եւ հարկադիր վերաբնակեցման մասին»։

«Որքան էլ որ սուտ տարածվի, չի հաջողվի թաքցնել ճշմարտությունը. Ռուսաստանը շարունակում է հակաիրավական եւ հարկադրական կերպով բռնի տեղահանել ուկրաինացի երեխաներին պատերազմի ժամանակ, որն ինքն էլ սկսել է»,- իր հերթին Թվիթերում նշել է ՄԱԿ-ում Գերմանիայի առաքելությունը։