Չինաստանը չի աջակցում Ուկրաինա ռուսական ներխուժմանը, Մոսկվային ռազմական օգնություն չի ցուցաբերում եւ չի ճանաչում ուկրաինական տարածքների, ներառյալ Ղրիմն ու Դոնբասը,  անեքսիան, ասել է ԵՄ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Ցունը The New York Times թերթի հարցազրույցում։

Հարցազրույցում, որը նա տվել է Ֆրանսիանի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Չինաստան այցից առաջ, չինացի դիվանագետը փորձել է հեռավորություն պահպանել Մոսկվայից՝ հայտարարելով, որ քննադատները ճիշտ չեն մեկնաբանում Չինաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները։  Նա մեկնաբանել է Մոսկվայի եւ Պեկինի հայտարարությունն «անսահման բարեկամության» մասին, որն արվել է անցած տարվա փետրվարին, Ուկրաինա ռուսական ներխուժումից ոչ շատ առաջ։ Նա ասել է, որ «անսահման բարեկամությունն ընդամենը հռետորաբանություն է»։

Ֆու Ցունի խոսքով՝ Պեկինը  չի դատապարտել ռուսական ներխուժումն Ուկրաինա, քանի որ հասկանում է ՌԴ-ի փաստարկները «ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ պաշտպանական պատերազմի մասին», եւ կարծում է, որ «խորքային պատճառներն ավելի բարդ են», քան նշում են արեւմտյան ղեկավարները։

Եվրամիությունում Չինաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մինչեւ այժմ չի զանգահարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որովհետեւ շատ զբաղված է, նա նշել է, որ երկու երկրները մասնավոր շփումներ են պահպանում ավելի ցածր մակարդակով։ «Ես գիտեմ, որ մարդիկ կենտրոնացել են նախագահի զանգի վրա, բայց այն փաստը, որ նախագահ Սին չի խոսել Զելենսկու հետ, չի նշանակում, թե Չինաստանը Ռուսաստանի կողմից է»,- ընդգծել է Ֆու Ցունը։

Ինչպես նշել է The New York Times-ը, արեւմտյան վերլուծաբաններն ուշադրություն են դարձրել ակնհայտ հակասությանը Ուկրաինայի հետ կապի բացակայության եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սի Ծինփինի մարտյան այցելության միջեւ։ Այդ ժամանակ Սին եւ Պուտինը միմյանց անվանել են «թանկագին բարեկամ»։

Կրեմլում, մեկնաբանելով Ֆու Ցունի հարցազրույցն ամերիկյան թերթին, ասել են, որ կողմնորոշվում են Սի Ծինփինի եւ Պուտինի բանակցությունների «բովանդակությամբ եւ ոգով»։ «Նրանց փոխըմբռնման ողջ համատեքստը շարադրված է երկու փաստաթղթում, ստորագրված երկու հայտարարությունում, որոնք ընդունվել են ռուս-չինական բանակցությունների արդյունքներով։ Դրանք շատ բովանդակալից են եւ լիովին լուսաբանում են բոլոր հարցերը, որոնք գտնվում են համատեղ օրակարգում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։