ԱՄՆ-ում Վերաքննիչ դատարանը կարգադրել է ձերբակալել Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին, որը հայրենիքում մեղադրվում է կոռուպցիայի մեջ, եւ սկսել նրա արտահանձնման ընթացակարգը, տեղեկացրել է EFE գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝  նախկին նախագահի գործը քննող Թոմաս Հիքսոնը չեղարկել է Տոլեդոյի գրավի որոշումը եւ հրամայել նրան ուրբաթ առավոտյան ժամը 9-ին հանձնվել Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆոռնիայի նահանգ) իշխանություններին։ «Հենց որ Տոլեդոն կալանքի մեջ հայտնվի, ԱՄՆ-ն անհապաղ կկազմակերպի նրա արտահանձնումը Պերուի իշխանություններին, եթե դրա համար որեւէ իրավաբանական խոչընդոտ չլինի»,- նշվել է դատական փաստաթղթում, որից մեջբերում է կատարել գործակալությունը։

Վերջին երեք տարիների ընթացքում քաղաքական գործիչը ազատության մեջ էր գրավի դիմաց եւ ապրում էր Կալիֆոռնիայում։ 2021թ. սեպտեմբերին Կալիֆոռնիայի նահանգի Հյուսիսային օկրուգի Դաշնային օկրուգային դատարանը որոշում էր կայացրել, որ Տոլեդոն կարող է հանձնվել իր երկրի իշխանություններին։ Փետրվարի վերջին պետդեպարտամենտը բավարարել է Պերուի խնդրանքը Տոլեդոյի արտահանձնման մասին, եւ ամերիկյան իշխանությունները դիմել են դատավորին՝ խնդրելով չեղարկել գրավի դիմաց նրա ազատ արձակումը, որպեսզի երաշխավորվի քաղաքական գործչի հասանելիությունը՝ Պերուի իշխանություններին հանձնելու համար։

2017թ. փետրվարին Պերուի դատարանը Տոլեդոյի ձերբակալման օրդեր էր տվել (որը երկրի նախագահն է եղել 2001-2006թթ.) կոռոպցիայի եւ Odebrecht բրազիլական շինարարական կորպորացիայի հետ անօրինական պայմանավորվածությունների գործով։ Քննության վարկածով՝ նախկին նախագահը եւ նրա վարչակազմի ներկայացուցիչները բրազիլական ընկերությունից ստացել են 34 մլն դոլարի կաշառք։ Փոխարենը Odebrecht-ն, իբր, խոշոր ավտոմայրուղու կառուցման շահավետ պայմանագիր է ստացել։ Տոլեդոն գտնվել է հետախուզման մեջ, բայց այդ պահին արդեն Պերուում չէր։ El Comercio թերթի  տվյալներով՝ դեռեւս 2013թ. քաղաքական գործիչը ԱՄՆ-ի քաղաքացիություն էր ստացել։