Չինաստանը պետք է ազդի ՌԴ նախագահ Պուտինի վրա՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ զինված հակամարտությունը լուծելու նպատակով։ Այս մասին Պեկինում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Չինաստանը Մոսկվայի հետ սերտ կապերի պատճառով կարող է զգալի դեր խաղալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունում խաղաղություն որոնելու հարցում։ Փետրվարի վերջին Ուկրաինայի վերաբերյալ ներկայացված «խաղաղ պլանը» վկայում է «հակամարտությունը լուծելու գործում ավանդ ներդնելու կամքի» մասին»,- ասել է Մակրոնը։

«Չինաստանը հաստատել է իր հավատարմությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը, հետեւաբար եւ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքի հարգմանը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Ֆրանսիայի նախագահը նաեւ խաղաղ բանակցությունների կոչ է արել՝ հայտարարելով, որ «Եվրոպայում ամուր եւ երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը» կախված է Ռուսաստանի հետ «շատ ավելի լարված խոսակցությունից» դիվանագիտական խողովակներով։ Ուղիղ Չինաստանին չնշելով՝ նա ավարտել է ամբողջ աշխարհի երկրներին ուղղված կոչով՝ խաղաղության համար «պատասխանատվություն ստանձնել այս տագնապալի ժամանակներում», տեղեկացրել է France24-ը։