Տասնյակ պաղեստինցիներ բախումների մեջ են մտել ոստիկանության հետ հինգշաբթի վաղ առավոտյան Ալ-Աքսա մզկիթ մտնելիս՝ շարունակելով նախօրեի երեկոյի բախումները, որոնք ավելի ուշ, օրվա ընթացքում, անկարգություններ են առաջացրել ամբողջ երկրում, գրել է The Jerusalem Post-ը։
Երիտասարդ պաղեստինցիների խմբերը, որոնց մի մասը՝ դիմակներով, ճայթռուկներ եւ քարեր են նետել ոստիկանների վրա եւ փորձել բարիկադներ ստեղծել մզկիթում՝ փակելով նրա դռներն ու մյուս հավատացյալներին չթողնելով հեռանալ տարածքից, տեղեկացրել են իսրայելական ոստիկանությունում։
Ոստիկանությունը չի թողել բարիկադներ դնել եւ թույլ է տվել հավատացյալներին դուրս գալ տարածքից։ Կեսգիշերից ոչ շատ առաջ համալիրը լիովին մաքրվել էր ոստիկանների կողմից։
Բախումների ժամանակ տուժել է վեց մարդ, տեղեկացրել է Walla-ն՝ հղում կատարելով Պաղեստինի Կամիր մահիկին։
Տաճարի լեռան մոտ, Երուսաղեմի Հին քաղաքում բախումներից հետո տեղի են ունեցել նոր բախումներ։ Պաղեստինյան ԶԼՄ-ների տվյալներով՝ 14-ամյա մի պաղեստինցի թեթեւ վիրավորվել է Հին քաղաքում ապրող իսրայելցու կրակոցից։ Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ իսրայելցին տղամարդուն սպառնացել է մահակով։
Նա թեթեւ վիրավորվել է, իսկ կրակողը, որը զենք կրելու թույլտվություն ունի, կալանքի տակ է վերցվել հարցաքննության համար։
Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «օկուպացիոն ոստիկանության շարունակվող հարձակումներն աղոթղների վրա եւ Ալ-Աքսայում գոյություն ունեցող ստատուս-քվոն խախտելու փորձերը վտանգավոր են եւ միջազգային իրավունքի խախտում են հանդիսանում։ Իսրայելն այս իրավիճակի եւ հետեւանքների համար պատասխանատվություն է կրում»։
Ալ-Աքսա մզկիթում բախումների պատճառով ցույցեր եւ ոստիկանության հետ դաժան բախումներ են տեղի ունեցել երկրի շատ քաղաքներում, այդ թվում Հայֆայում, Արաբայում, Ռեյնում, Բակա ալ-Գարբիայում եւ Գալիլեայի Ում էլ-Ֆահմայում, տեղեկացրել է Ynet-ը։
Բողոքներն Ում էլ-Ֆահմայում հանգեցրել են անկարգությունների. ցուցարարները քարեր, ճայթռուկներ են նետել եւ այրել մեքենաների անվադողեր։ Մի ոստիկան ստիպված է եղել օդ կրակել, որպեսզի հեռանա պատահարի վայրից, վկայում է ոստիկանության հայտարարությունը։ Հինգ անչափահաս ձերբակալվել է անկարգությունների եւ ոստիկանների վրա քարեր նետելու համար։
Պաղեստինյան ԶԼՄ-ները տեղեկացրել են Երուսաղեմի տարբեր շրջաններում եւ Արեւմտյան ափի քաղաքներում բախումների մասին, այդ թվում՝ Խեւրոնի եւ Երիքոնի մոտ գտնվող փախստականների ճամբարներում։
Իսրայելական զորքերը Գազայի հետ սահմանին կիրառել են արցունքաբեր գազ անկարգությունների մասնակիցների դեմ, լսվել են պայթյուններ, տեղեկացրել է KAN-ը։ Հաջակցություն Ալ-Աքսայի՝ ցույցեր են տեղի ունեցել նաեւ Բեյթ Հանունում եւ Հան Յունիսում։




























