ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ամեն բան կանի, որպեսզի արագացվեն Թայվան զենքի մատակարարումները։ Նա նշել է, որ մյուս երկրները եւս կարող են զենք վաճառել կղզուն՝ ԱՄՆ կառավարության թույլտվությամբ, տեղեկացրել է Reuters-ը։

Թայվանն անցած տարվանից դժգոհում է ամերիկյան զենքի, օրինակ՝ Stinger հրթիռների մատակարարումների ուշացումներից, քանի որ արտադրողներն իրենց զենքերն ուղարկում են Ուկրաինա։

Թայվան կատարած այցի ընթացքում լրագրողներին տված հարցազրույցում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Մայքլ Մակքոլն ասել է, որ Թայվանը պետք է զենքի հասանելիության հնարավորություն ունենա՝ «հաշվի առնելով այն սպառնալիքը, որը բխում է Չինաստանի կողմից»։

«Ինչ վերաբերում է զենքին՝ ես ստորագրում եմ այդ մատակարարումները, եւ մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի արագացնենք դրանք,- ասել է նա՝ ելույթ ունենալով Թայվանի խորհրդարանում, որտեղ հանդիպել է խոսնակ Յու Սի Կունի հետ։

Անհրաժեշտ է «ամրացնել» Թայվանը եւ օգնել զսպման նրա պոտենցիալին, ասել է նա։

Մակքոլը նշել է, որ Թայվան զենքի մատակարարումներն արագացնելու գաղափարը ներառում է զենքի վաճառքի առաջնահերթությունների փոփոխություն՝ հաշվի առնելով այն, որ կղզին գտնվում է սպառնալիքի գոտում։

«Մենք ցանկանում ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի զսպենք շատ ագրեսիվ պետությանը՝ կոմունիստական Չինաստանին, այս հիանալի կղզի ներխուժելու մտքից, որովհետեւ դա լուրջ սխալ կլիներ բոլորի համար»,- ասել է նա։

ԱՄՆ-ն Թայվանի ամենակարեւոր զենքի մատակարարն է, ինչը զայրացնում է Չինաստանին Վաշինգտոնի հանդեպ։

Մակքոլին ուղեկցում են յոթ այլ օրենսդիրներ երկկուսակցական այցելության ընթացքում, որը տեղի է ունեցել նույն շաբաթ, երբ Թայվանի նախագահ Ցայ Ին Վենը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մակքարտիի հետ Լոս Անջելեսում, ինչը դատապարտվել է Պեկինի կողմից։