ԱՄՆ-ն, Հարավային Կորեան եւ Ճապոնիան խորապես անհանգստացած են Հյուսիսային Կորեայի «չարամիտ» կիբեռգործունեությունից, նրանք համատեղ հայտարարություն են ընդունել, որը հրապարակվել է ուրբաթ, տեղեկացրել է Reuters-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած նոր զեկույցում նշվել է, որ «Հյուսիսային Կորեայի նման սուբյեկտներն օգտագործում են ապակենտրոնացված ֆինանսավորումը (DeFi), կրիպտոարժույթի բարգավաճող հատվածը՝ իրենց անօրինական եկամուտները փոխանցելու եւ լվանալու համար»։

Հյուսիսային Կորեան հերքում է հաքերության կամ այլ կիբեռգրոհների մեղադրանքները։

Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային աճող սպառնալիքների ֆոնին Հարավային Կորեայի միջուկային հարցերով բանագնացն այս շաբաթ Սեուլում բանակցություններ է վարել ամերիկացի եւ ճապոնացի գործընկերների հետ եւ դատապարտել  մեկուսացված երկրի զենքի փորձարկումները, նշել է ԶԼՄ-ն։

«Մենք նորից մտահոգված ենք եւ հայտարարում ենք, որ Հյուսիսային Կորեայի օտարերկրյա ՏՏ-աշխատողները շարունակում են օգտագործել կեղծ փաստաթղթերը եւ քաղաքացիությունը», որպեսզի շրջանցեն ՄԱԿ-ի պատժամիջոցները եւ միջոցներ հավաքեն հրթիռային ծրագրերի համար, նշվել է բանագնացների համատեղ հայտարարությունում։

Նրանք կոչ են արել Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետություններին կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ հետ վերադարձնել իրենց տարածքում գտնվող հյուսիսկորեացի ախատողներին։

«Մենք նաեւ խորապես անհանգստացած ենք, որ Հյուսիսային Կորեան աջակցում է այդ ծրագրերին թալանի եւ միջոցների լվացման, ինչպես նաեւ վնասակար կիբեռգործունեությամբ տեղեկություն հավաքելու ճանապարհով։

Լարվածությունը Կորեական թերակղզում շարունակում է պահպանվել։ Մարտից ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորքերը ամենամյա զորավարժությունների շարք են իրականացնում։

Այդ զորավարժությունները զայրացնում են Փհենյանին, որը վերջին շաբաթներին ակտիվացրել է իր ռազմական գործունեությունը։ Նա փոքր չափի նոր միջուկային մարտագլխիկներ է ներկայացրել եւ արձակել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը կարող է խոցել ԱՄՆ ցանկացած կետ։

Այս զորավարժությունների եւ փորձարկումների ֆոնին տեղի է ունենում «կոշտ» հռետորաբանության փոխանակում։ Հինգշաբթի Հյուսիսային Կորեան Վաշինգտոնին եւ Սեուլին մեղադրել է այն բանում, որ նրանք իրենց զորավարժություններով խթանում են լարվածությունը՝ այն հասցնելով միջոկային պատերազմի եզրին։

Հարավային Կորեայի միջուկային հարցերի վերաբերյալ գլխավոր բանակցող Կիմ Գանն  ասել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային հավակնությունները «ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնաքայքայող բումերանգ», որը քայքայում է նրա տնտեսությունը։

«Հյուսիսային Կորեան մոլորեցնում է իր ժողովրդին՝ ստիպելով հավատալ, թե միջուկային զենքը կախարդական փայտիկ է, որը կարող է լուծել նրա բոլոր խնդիրները»,- ասել է Կիմը ամերիկացի եւ ճապոնացի պաշտոնական անձանց հետ ուրբաթ կայացած հանդիպման ժամանակ։

Ճապոնիան ուրբաթ հայտարարել է, որ երկու տարով երկարացնում է Հյուսիսային Կորեայի հետ առեւտրի արգելքը (բացի մարդասիրական պատճառներից)։