Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ասել է, որ հավատում է, որ կարող է հաղթահարել թոքային ինֆեկցիան, որն առաջացել է քրոնիկ լեյկեմիայից, որի պատճառով նա հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք, գրում է իտալական Il Giornale թերթը։

«Ծանր է, բայց ես նորից կհաղթահարեմ», - ասել է 86-ամյա մեդիա մագնատը թերթի գլխավոր խմբագիր Աուգուստո Մինզոլինիի հետ հեռախոսազրույցում։

«Ներկայիս բուժման ռազմավարությունը ներառում է թոքային ինֆեկցիայի բուժում, ինչպես նաեւ մասնագիտացված բուժում՝ քրոնիկ լեյկեմիայի բացասական հետեւանքները սահմանափակելու համար», ասվում է հիվանդության թերթիկում:

Չորեքշաբթի  Բեռլուսկոնին ընդունվել էր Սան Ռաֆֆայել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ օգնականների խոսքով՝ վարակի հետեւանքով առաջացած շնչառական խնդրի պատճառով:

Բժիշկները նշել են, որ Բեռլուսկոնիին պատուհասած լեյկեմիայի տեսակը սովորաբար հանդիպում է տարեց մարդկանց մոտ եւ բնութագրվում է արյան սպիտակ բջիջների քանակի աճով, որոնք հայտնի են որպես մոնոցիտներ:

Բեռլուսկոնի վերջին տարիներին բազմաթիվ առողջական խնդիրներ է ունեցել, այդ թվում՝ սրտի հիվանդություն եւ 2020 թվականին COVID-19, երբ նա ծանր վիճակում թոքաբորբով հոսպիտալացվել էր։

2016 թվականին նա սրտի վիրահատության է ենթարկվել, իսկ տասնամյակներ առաջ հաղթահարել է շագանակագեղձի քաղցկեղը։