Կանադան հինգշաբթի հայտարարել է, որ ռազմական ինքնաթիռ կուղարկի Ճապոնիա՝ Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կատարմանը աջակցելու համար, հաղորդում է Reuters-ը:

Կանադայի թագավորական ռազմաօդային ուժերի CP-140 Aurora ինքնաթիռի տեղակայման մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը:

Մոտ վեց շաբաթվա ընթացքում CP-140 Aurora ինքնաթիռը հետեւելու է ծովում պատժամիջոցների շրջանցման կասկածելի գործունեությանը, մասնավորապես՝ նավից նավ վառելիքի եւ անվտանգության խորհրդի կողմից արգելված այլ ապրանքների փոխանցմանը, հայտնել է Կանադայի կառավարությունը:

Հյուսիսային Կորեան 2006 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ՝ իր բալիստիկ հրթիռների եւ միջուկային ծրագրերի պատճառով:

Մարտի վերջին Հյուսիսային Կորեան փորձարկել է միջուկային լիցք ունեցող նոր ստորջրյա անօդաչու սարքը, հայտնում են պետական լրատվամիջոցները, իսկ առաջնորդ Կիմ Չեն Ընը նախազգուշացրել է, որ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները պետք է դադարեցվեն: