Վերջին 48 ժամվա ընթացքում տարածաշրջանում արագացող եւ վտանգավոր էսկալացիան, այն բանից հետո, երբ իսրայելական զորքերը ներխուժեցին Ալ-Աքսա մզկիթ եւ հարձակվեցին աղոթող մարդկանց վրա, խորը մտահոգություն է առաջացնում: Այս մասին ասվում է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Բոլոր կողմերը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն եւ արձագանքեն այն ջանքերին, որոնք ձեռնարկվում են հանգստության հասնելու համար՝ տարածաշրջանը նոր վտանգներից ազատելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ տասնյակ պաղեստինցիներ են տուժել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իսրայելցի ուժայինների հետ բախումների ժամանակ: Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Ալ-Աքսայուում իրականացված ռեյդի  արդյունքում 350 մարդ է ձերբակալվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ի գիշերը իսրայելական կործանիչներն ու տանկերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին՝ ի պատասխան հրեական պետության տարածքի վրա հրթիռների արձակման: