Ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկու դեմ մահափորձի մասին ՄԱԿ-ում Կանադայի ներկայացուցչի խոսքերից հետո ՌԴ ԱԳՆ է կանչվել Կանադայի բանագնաց-խորհրդականը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։  

«Ապրիլի 7-ին ԱԳՆ կանչված կանադացի խորհրդական-բանագնաց Բ. Էբելին վճռական բողոք է ներկայացվել ՄԱԿ-ում Կանադայի մշտական ներկայացուցիչ Ռ. Ռեյի հայտարարությունների կապակցությամբ, որն, ըստ էության, պաշտպանել է ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկու դեմ ահաբեկչական ակտը։

Ընդգծվել է, որ կանադացի բարձրաստիճան դիվանագետի որդեգրած դիրքորոշումը դաժան սպանության նկատմամբ, որն ուղեկցվել է բազմաթիվ տուժողներով, դարձել է Կանադայում սրվող ռուսատյացության եւս մեկ դրսեւորում, երբ արդարանում կամ լռության են մատնվում Ռուսաստանի եւ նրա քաղաքացիների դեմ կատարվող հանցագործությունները, այդ թվում՝ ահաբեկչական բնույթի»,-նշվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի համալսարանական առափնյա սրճարանում պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 2-ի երեկոյան, որի հետեւանքով մահացել է ռազմական բլոգեր Մաքսիմ Ֆոմինը, որը հայտնի էր Վլադլեն Թաթարսկի կեղծանունով։ Բացի այդ, տուժել է ավելի քան 30 մարդ։ 

Պայթյունից քիչ առաջ, ենթադրաբար, Դարյա Տրեպովան Թաթարսկուն գիպսե արձանիկ է նվիրել, որում, նախնական տվյալներով, կարող էր ինքնաշեն պայթուցիկ սարք լինել։ Ավելի ուշ գործը վերաորակավորվել է որպես ահաբեկչություն, Տրեպովան ձերբակալվել է։