Աբխազիայում լայնամասշտաբ զորավարժություններ են մեկնարկել։ Նպատակը շտաբերի եւ զորքերի պատրաստության բարձրացումն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Աբխազիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Աբխազիայի զինված ուժերում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել ռազմական կառավարման մարմինների եւ զորքերի մարտական պատրաստության ստուգմամբ։ Զորավարժությունների հիմնական նպատակն է բարձրացնել շտաբերի եւ զորքերի պատրաստվածությունը, նրանց ներդաշնակեցման մակարդակը հանկարծակի առաջացող խնդիրների լուծման ժամանակ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բոլոր փուլերում կմշակվեն «բարդ ուսումնական առաջադրանքներ, որոնք առավելագույնս մոտ կլինեն իրականին՝ անընդհատ զարգացող օպերատիվ ֆոնի վրա»։
«Շտաբերի եւ զորքերի պատրաստման բոլոր միջոցառումներն անցկացվում են Աբխազիայի եւ Ռուսաստանի զինված ուժերի համատեղ մարտական պատրաստության պլանի համաձայն», -ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 7-ից Թբիլիսիում կայանալիք ընդդիմության հանրահավաքի կապակցությամբ սահմանափակվել է Աբխազիայից Վրաստանի հետ սահմանով ելքը։





























