Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդո Մանրիկեին տրվել է եւս երկու շաբաթ, որպեսզի պայքարի ԱՄՆ-ից արտահանձնման դեմ։ Արտահանձնումը պետք է սկսվեր ուրբաթ օրը, տեղեկացրել է The Associated Press-ը։
Հինգշաբթի ուշ երեկոյան ԱՄՆ-ի Իններորդ օկրուգային վերաքննիչ դատարանը Սան Ֆրանցիսկոյում որոշում է կայացրել 14 օրով դադարեցնել Տոլեդոյի արտահանձնման գործընթացը Պերուին։
Տոլեդոն մեղադրվում է բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունից 20 մլն դոլար կաշառք ստանալու մեջ, որն ԱՄՆ իշխանություններին խոստովանել է, որ տասնամյակներ շարունակ կաշառել է պաշտոնյաներին ամբողջ Լատինական Ամերիկայում պատվերներ ստանալու համար։ Տոլեդոն Պերուի չորս նախկին նախագահներից մեկն է, որը խառն է կոռուպցիոն սկանդալում։ Նա հերքում է բոլոր մեղադրանքները։
Արտահանձնման գործով դատավոր Թոմաս Հիքսոնը Տոլեդոյին հրամայել է հանձնվել ԱՄՆ դատական կարգադրիչներին ուրբաթ, այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանի կոլեգիան՝ երեք դատավորներով, այս շաբաթ մերժել է նրա բողոքարկումը արտահանձնումը դադարեցնելու մասին։ Բայց Հիքսոնը չեղարկել է իր հրամանն այն բանից հետո, երբ Տոլեդոյի վերջին փորձը պսակվել է հաջողությամբ։
Տոլեդոն ապրում է Մենլո Պարկ քաղաքում (Կալիֆոռնիա), Սան Ֆրանցիսկոյից մեկ ժամ հեռավորությամբ։
Տոլեդոն, որը Պերուի նախագահն է եղել 2001-2006թթ., ձերբակալվել է 2019թ. հուլիսին իր տանը։ Սկզբում նա պահվում էր Սանտա Ռիտայի բանտի մենախցում, բայց ազատ է արձակվել 2020թ.՝ COVID-19-ի պատճառով։ Այդ ժամանակվանից նա տնային կալանքի մեջ է։
Օդեբրեխթի կոռուպցիոն սկանդալը ցնցել է Պերուն։ Ներկայում ողջ բոլոր նախագահներն այդ գործով դատի կամ քննության մեջ են։
Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 2006-2011թթ., 2019թ. մահացու կրակել է իր գլխին, երբ ոստիկանությունը եկել է նրա տուն, որպեսզի ձերբակալի։
Նախկին նախագահ Օլյանտա Ումալան դատարանի առջեւ կկանգնի 2006 եւ 2011թթ. նախագահական ընտրարշավների ժամանակ այդ նույն բրազիլական ընկերությունից ավելի քան 3 մլն դոլար ստանալու համար։
Նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին, որը պաշտոնը թողել է 2018թ., տնային կալանքի մեջ է նույն մեղադրանքներով։





























