ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է տարբեր հարթակներից, այդ թվում՝ TikTok-ից հարյուրավոր բլոգերների ներգրավել 2024 թվականի նախընտրական արշավին, գրում է ամերիկյան Axios լրատվական պորտալը:

«Գործող նախագահ Բայդենի՝ վերընտրվելու համար դեռեւս պաշտոնապես չներկայացված թեկնածությունը կհիմնվի սոցիալական ցանցերում հարյուրավոր ինֆլյուենսերների վրա, որոնք գովազդելու են Բայդենի ձեռքբերումները, իսկ շուտով նրանք կարող են նաեւ սեփական սենյակ ունենալ Սպիտակ տանը ճեպազրույցների համար»,-ասվում է պորտալի պաշտոնական կայքում:

Axios-ը նշում է, որ բլոգերների օգնությամբ դեմոկրատները կարող են բարձրացնել Բայդենի հեղինակությունը երիտասարդ ընտրողների շրջանում, որոնք կարեւոր նշանակություն ունեն առաջիկա ընտրություններում կուսակցության հաջողության համար: Պոտենցիալ, հենց երիտասարդ ընտրողները կկարողանան «դիմակայել նախկին նախագահ Թրամփի հետեւորդների մեծ թվին սոցիալական ցանցերում, եթե վերջինս 2024 թվականի դառնա Հանրապետական կուսակցության թեկնածու», նշում է պորտալը։

Բլոգերների հետ աշխատանքի համար պատասխանատու են Սպիտակ տան չորս աշխատակիցներ։ Երիտասարդների, ինչպես նաեւ ծայրամասային բնակիչների շրջանում լսարանի հասանելիությունը առաջնահերթություն է: Բայդենի թիմի համար այս ուղղության կարեւորությունը հաստատում է նաեւ այն փաստը, որ Ռոբ Ֆլաերտին, ով ղեկավարում է բլոգերների հետ աշխատանքը, նշանակվել է նախագահի օգնական։