ԱՄՆ-ն ստուգում է անցկացնում Ուկրաինային մատակարարված JDAM ավիառումբերի խափանման պատճառով։ Այս մասին ապրիլի 10-ին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը, որոնք արտահոսքի արդյունքում հայտնվել են համացանցում։

Բաժիններից մեկում վերլուծություն է այն մասին, թե ինչու JDAM ռումբերը ոչ մի ազդեցություն չեն ունեցել մարտերի ընթացքի վրա: Ենթադրվում է, որ կա՛մ ռումբի պայթուցիչները պատշաճ կերպով չեն գործարկվել, կա՛մ կարող էին խնդիրներ լինել GPS-ի ազդանշանի հետ, որոնց պատճառը ռուսական խլացուցիչներն են եղել։

Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման մասին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գաղտնի փաստաթղթերը համացանցում են հայտնվել ապրիլի 6-ին: Դրանք պարունակում են տեղեկություններ զենքի մատակարարման ժամանակացույցերի, զորքերի եւ գումարտակների թվի մասին։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ փաստաթղթերը կեղծ են։