Վալենսիայի քաղաքային խորհուրդը երկուշաբթի քառօրյա 32-ժամյա աշխատանքային շաբաթ ներդնելու փորձ է սկսել, որը կշարունակվի մեկ ամիս՝ ապրիլի 10-ից մինչեւ մայիսի 7-ը, տեղեկացրել է Antena 3 հեռուստաալիքը։

ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ այս թեստի, որն ուղղված է մարդկանց բարեկեցության, քաղաքի կյանքի, տնտեսության եւ շրջակա միջավայրի վրա 32-ժամյա աշխատանքային շաբաթի ազդեցության ուսումնասիրությանը, ներդրման մասին համաձայնությունը ձեռք է բերվել շահագրգռված սեկտորների, այդ թվում արհմիությունների, տարբեր ընկերությունների եւ հաստատությունների հետ բանակցություններից հետո։ Նշվել է, որ ծրագիրը կազմակերպվել է այն բանի շնորհիվ, որ այս ամսվա երեք երկուշաբթիներին բաժին են ընկել պետական տոներ, իսկ հունվարի տոներից մեկը տեղափոխվել է ապրիլ։ Ապրիլի 10-ին Զատկվա երկուշաբթին է, ապրլի 17-ին՝ Վալենսիայի գլխավոր հովանավոր Սուրբ Վիկենտի Ֆերերի օրը, ապրիլի 24-ին՝ հունվարի 22-ի փոխարեն, մեկ այլ հովանավորի՝ Սուրբ Վիկենտի Նահատակի, իսկ մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրն է։

Սպասվում է, որ այս փորձարկման արդյունքները կներկայացվեն հուլիսին Լաս Նավեսի քաղաքային խորհրդին առընթեր ինովացիոն կենտրոնում։

Փետրվարին Մեծ Բրիտանիայում հրապարակվել է հետազոտություն, որը ցույց է տվել, որ քառօրյա աշխատանքային շաբաթի ներդրման վեցամսյա հետազոտությանը մասնակցած 61 ընկերություններից 56-ը որոշել է երկարացնել փորձը, իսկ 18-ը որոշել է այն գրանցել պաշտոնապես։

Քառօրյա աշխատանքային շաբաթի անցման գաղափարն առաջադրվել է շատ երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում, Շվեդիայում, Իսլանդիայում, Իտալիայում, Բելգիայում, Պորտուգալիայում եւ այլն։ Ռուսաստանում նույնպես քննարկել են գրաֆիկի կրճատման հնարավորությունը, բայց աշխատանքի նախարարությունում առայժմ քառօրյա աշխատանքային շաբաթի անցնելու հստակ արտահայտված նախադրյալներ չեն տեսնում։