Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ բարձր մակարդակով քննարկում է ինտերնետում ամերիկյան գաղտնի փաստաթղթերի հայտնվելու հարցը։ Այս մասին ճեպազրույցում ասել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Փատելը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
«ԱՄՆ գերատեչությունների ներկայացուցիչները դաշնակիցների եւ գործընկերների հետ բարձր մակարդակով քննարկում են այս հարցը»,- ասել է նա։
Փատելն ավելացրել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է «հետախուզական տվյալների պաշտպանությանը», ինչպես նաեւ այլ երկրների հետ գործընկերային հարաբերությունների պահպանմանը։
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Պենտագոնը եւ ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել են հետաքննություն գաղտնի փաստաթղթերի արտահոսքի պատճառով, որոնք վերաբերում են Վաշինգտոնի եւ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինայի ԶՈւ-ին հակահարձակման պատրաստելու պլաններին։
Զենքերի մատակարարման եւ զորքերի թվաքանակի մասին բազմաթիվ նյութեր հրապարակվել են, մասնավորապես, Twitter-ում եւ Telegram-ում։
The New York Times թերթը տեղեկացրել է, որ ինտերնետում հայտնվել է ուկրաինական թեմատիկայի վերաբերյալ ամերիկյան գաղտնի փաստաթղթերի նոր խմբաքանակ։
Պարբերականի տվյալներով, հայտնաբերվել են նաեւ նյութեր՝ կապված Մերձավոր Արեւելքի եւ Չինաստանի հետ։





























