ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի նորից կգնա Նյու Յորք՝ Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի՝ 250 մլն դոլարի քաղաքացիական հայցով ցուցմունքներ տալու համար, տեղեկացրել է ABC հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Հարցին ծանոթ աղբյուրները ABC News-ին տեղեկացրել են, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, կվերադառնա Նյու Յորք, որպեսզի երկրորդ անգամ ցուցմունքներ տա Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի 250 մլն դոլար քաղաքացիական հայցի շրջանակում»,- նշվել է հեռուստաալիքի հաղորդագրությունում։
Ջեյմսը 2022թ. սեպտեմբերին Թրամփի, նրա երեխաների եւ նրանց հետ կապված ընկերությունների դեմ 250 մլն դոլարի հայց էր ներկայացրել՝ խարդախության եւ կեղծ տեղեկություններ տրամադրելու կասկածանքով։ Այն ժամանակ Ջեյմսը հայտարարել էր, որ պատասխանողները, ներառյալ ԱՄՆ նախկին նախագահը, խախտել են մի քանի նահանգների քրեական օրենսգրքի օրենքները, այդ թվում՝ կեղծել են փաստաթղթեր, ներկայացրել կեղծ ֆինանսական հաշվետվություններ, մասնակցել ապահովագրական խարդախության, ցածր տոկոսներով վարկեր են վերցրել եւ ավելի քիչ հարկեր վճարել։ Հայցի համաձայն՝ այս խարդախությունները եւ սուտ տեղեկություններ ներկայացնելը «խիստ մեծացրել են Թրամփի անձնական կապիտալը»։





























