Թայվանի զինվորականները վերջին մեկ օրում կղզուն հարող տարածքում Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի 91 թռչող սարք եւ 12 նավ են գրանցել։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է կղզու պաշտպանական գերատեսչությունը։
«Այսօր 06.00-ի դրությամբ Թայվանի մոտ հայտնաբերվել են չինական բանակի 91 թռչող սարք եւ 12 նավ»,- տեղեկացրել է գերատեսչությունը Թվիթերում։ Նշվել է, որ 54 թռչող սարքեր հատել են Թայվանի նեղուցի այսպես կոչված միջին գիծը եւ հայտնվել կղզու ՀՕՊ ճանաչման գոտու հարավ-արեւմուտքում եւ հարավ-արեւելքում։ Դրանց մեջ եղել են չինական կործանիչներ, ռմբակոծիչներ, ռադիոլոկացիոն հետախուզության ինքնաթիռներ եւ անօդաչուներ։
«Ներկայում Թայվանի շուրջ ջրավազանում դեռեւս գտնվում է չինական ութ նավ։ Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել դրանց տեղաշարժին»,- նշվել է հաղորդագրությունում։
Երկուշաբթի Չինաստանի բանակը տեղեկացրել էր, որ ավարտել է պարեկումը եւ «Միավորված սուր թուր» զորավարժությունները Թայվանի շուրջ, որոնք տեղի են ունեցել ապրիլի 8-10-ին։




























