The Washington Post-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության փաստաթուղթը, որն արտահոսքի հետեւաքնով հայտնվել է համացանցում, պնդում է, որ Եգիպտոսը ծրագրում էր գաղտնի մինչեւ 40 հազար հրթիռ ուղարկել Ռուսաստան։
«Ամերիկյան հետախուզության փաստաթղթի համաձայն Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիին․․․ վերջերս ենթականերին հրամայել է մինչեւ 40 հազար հրթիռ պատրաստել գաղտնի Ռուսաստան ուղարկելու համար», - նշում է թերթը։
Հրատարակության համաձայն գաղտնի փաստաթղթում, որը թվագրվում է փետրվարի 17-ին, ամփոփվում են աս Սիսիի եւ Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ ենթադրյալ խոսակցությունները, ինչպես նաեւ հիշատակվում են Ռուսաստանին հրետանային արկեր եւ վառոդ մատակարարելու մասին։ Թերթը պնդում է, որ փաստաթղթում նախագահը պաշտոնյաներին հրահանգում է հրթիռների արտադրությունն ու մատակարարումը գաղտնի պահել՝ Արեւմուտքի հետ խնդիրներից խուսափելու համար։
Եգիպտոսի արտգործնախարարության խոսնակ Ահմեդ Աբու Զեյդը, պատասխանելով փաստաթղթի եւ դրանում նկարագրված խոսակցությունների ճշգրտության մասին հարցերին, ասել է, որ երկրի դիրքորոշումն ի սկզբանե հիմնված է եղել Ուկրաինայի հակամարտությանը «չմիջամտելու» եւ երկու կողմերի հետ հավասար հեռավորություն պահպանելու վճռականության վրա։ Նա հավելել է, որ Եգիպտոսը շարունակում է կողմերին կոչ անել դադարեցնել ռազմական գործողությունները եւ բանակցությունների միջոցով հասնել քաղաքական լուծման։
ԱՄՆ-ի կառավարության պաշտոնյան թերթին ասել է, որ երկրի իշխանությունները «տեղյակ չեն այս ծրագրի կատարման մասին»՝ նկատի ունենալով հրթիռների արտահանման ենթադրյալ նախաձեռնությունը։




























