Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի վարչակազմը երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզության կողմից իր պաշտոնյաներին գաղտնալսելու կասկածները «անհեթեթ եւ կեղծ են», հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով վարչակազմի պաշտոնյաներին:

«Յոնսանում նախագահական գրասենյակը ռազմական օբյեկտ է, եւ գաղտնալսումը կանխելու համար գործում է համակարգ, որը շատ ավելի հզոր է, քան նախորդ Չհոնվադե համալիրում...Ակնհայտ է, որ այդ մեղադրանքները (գաղտնալսման մեջ) անհեթեթ, կեղծ կասկածներ են»,-հայտնել է վարչակազմը։ 

Ավելի վաղ Հարավային Կորեայի դեմոկրատական ընդդիմության մի շարք պատգամավորներ կասկածներ էին հայտնել, որ նախագահի գրասենյակը, որը Չհոնվադե պատմական համալիրից («Կապույտ տուն») տեղափոխվել է Յոնսանում պաշտպանության նախարարության նախկին շենք, կարող է տուժել անվտանգության ապահովման բացերից: Գրասենյակի ներկայիս շենքի կողքին գտնվում է Կորեայում ԱՄՆ Զինված ուժերի նախկին կենտրոնակայանը, այն գտնվում է արտատարածքային կարգավիճակ ունեցող հողի վրա, ինչը, դեմոկրատների կարծիքով, կարող է թույլ տալ ԱՄՆ հետախուզությանը անարգել գաղտնալսել նախագահական գրասենյակը:

Գործակալության աղբյուրի խոսքով՝ Յոնսանի շենքի ներսում խոսակցությունները գաղտնալսելն «անհնար է», իսկ նախագահական գրասենյակի տեղափոխման ժամանակ կիրառվել է «անվտանգության շատ խիստ ստանդարտ»։