Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքը չի վերաբերում Եվրամիությանը, ուստի ԵՄ-ն չի մեկնաբանի այն։ Այս մասին ապրիլի 11-ին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Մենք երբեք չենք մեկնաբանում արտահոսքերը։ Դա կապված չէ ԵՄ-ի հետ, ուստի մենք չենք մեկնաբանի դա»,-ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ֆայլերի միանգամից երկու խոշոր խմբաքանակի արտահոսքի մասին հայտնի է դարձել ապրիլի 6-ին: Խոսքը մոտ 100 փաստաթղթերի մասին է, որոնք տեղեկություններ են պարունակում Կիեւի մարտական հնարավորությունների, ՆԱՏՕ-ի աջակցության եւ ուկրաինական բանակի խոցելիության մասին։ Այնտեղ նշվում է նաեւ, որ ԱՄՆ-ն գաղտնալսել է Հարավային Կորեային, Իսրայելին, Ուկրաինային։ Տվյալների արտահոսքի ֆոնին մի քանի երկրներ բացատրություններ են պահանջել, իսկ Կիեւը, ինչպես հայտնել է CNN հեռուստաալիքը, «ստիպված է եղել փոխել իր ռազմական ծրագրերը»։





























