ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության նոր ղեկավարը կլինի Մեթյու Միլլերը, որը նախկինում աշխատել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում (ԱԱԽ) եւ վերահսկել Ուկրաինային վերաբերող հարցերը։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ երեքշաբթի տարածված գրավոր հայտարարության մեջ։
«Այսօր ես Մեթյու Միլլերին նշանակում եմ որպես Պետդեպարտամենտի հաջորդ պաշտոնական ներկայացուցիչ»,- ասել է Բլինքենը։ Նա նշել է, որ Միլլերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո աշխատել է ԱԱԽ-ում եւ պատասխանատու է եղել, մասնավորապես, ԱՄՆ վարչակազմի հաղորդակցության եւ տեղեկատվական ոլորտում աշխատանքների համար՝ ուղղված Ուկրաինայի ինքնիշխանության ու պաշտպանության աջակցությանը։
Բլինքենի խոսքով՝ Միլլերը լավ պատկերացնում ունի արտաքին քաղաքականության մասին։ Նախկինում նա ղեկավարել է նաեւ ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Նախկինում պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը Նեդ Փրայսն էր։ Նա անցել է գերատեսչությունում այլ աշխատանքի։




























