Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն ռադայի ընդունած փաստաթուղթը, որով նախատեսվում է 14,5 մլրդ դոլարով ավելացնել երկրի բյուջեի պաշտպանական ծախսերը։ Այս տեղեկությունը տարածել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը «Գոլոս» կուսակցությունից։

«2023թ. բյուջեի ռեկորդային ավելացումը ստորագրվել է նախագահ Զելենսկու կողմից»,- գրել է Ժելեզնյակն իր Թելեգրամ-ալիքում՝ ճշտելով, որ այդ որոշումը պաշտոնապես ուժի մեջ կմտնի ապրիլի 13-ին։

Մոտ 10 մլրդ դոլար այդ միջոցներից կհատկացվի Ուկրաինայի պաշտպանության նախարարության կարիքներին, եւս 2,6 մլրդ դոլար նախատեսվում է ծախսել Ուկրաինայի ՆԳՆ-ի համակարգի վրա, մնացած միջոցները կհատկացվեն ուկրաինական հետախուզությանը եւ Անվտանգության ծառայությանը։