Բելգրադը զենք չի վաճառել եւ չի վաճառելու ո՛չ Կիեւին, ո՛չ Մոսկվային։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչեւիչը։
«Ավելի քան 10 անգամ մենք հերքել ենք այդ սուտը, նորից կանենք դա։ Սերբիան չի վաճառել եւ չի վաճառելու զենք ո՛չ ուկրաինական, ո՛չ ռուսական կողմին, ինչպես նաեւ այն պետություններին, որոնք հակամարտության գոտու հարեւանությամբ են գտնվում։ Հավանաբար, ինչ-որ մեկն իր առջեւ նպատակ է դնում Սերբիան ներքաշել հակամարտությունում, բայց մենք հետեւողականորեն մնում ենք մեր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ»,- ասել է նախարարը Tanjug գործակալությանը։ Նա չի բացառել սերբական զենքի հայտնվելու հնարավորությունը հակամարտության գոտում «ինչ-որ կախարդական եղանակով», բայց, նրա խոսքով, «դա ոչ մի կերպ կապված չէ Սերբիայի հետ»։
Reuters գործակալությունը, հղում կատարելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերին, որոնք հայտնվել են ինտերնետում արտահոսքի պատճառով, հանդես է եկել այն պնդմամբ, թե Սերբիայի կառավարությունը հնարավոր է համարում մահասփյուռ զենքի մատակարարումն ուկրաինական բանակի համար։ Գործակալությունը վկայակոչում է այն գծապատկերը, որն ամփոփում է Եվրոպայի 38 երկրների կառավարությունների պատասխանը Կիեւին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության վերաբերյալ հարցերին։





























